2011 թվական ղարաբաղյան հարցի կարգավորման առումով հետընթացի տարի էր, քանի որ սպառազինությունների մրցավազքը եւ Ադրբեջանի կողմից բորբոքվող թշնամությունը լարվածության աճի հանգեցրին, ինչն էլ շփման գծում անցանկալի միջադեպերի առիթ հանդիսացավ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ այս առումով իրավիճակը նախորդ տարիներից ավելի վատ էր:

«Այնուամենայնիվ, Հայաստանին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվեց փխրուն խաղաղություն պահպանել: Ինչ վերաբերում է բացթողումներին, հիմնական բացթողումը մադրիդյան սկզբունքներն էին, որոնք առ այսօր բանակցությունների սեղանին են: Իշխանությունը դեռ կզգա դրա հետեւանքները», - նշել է Սաֆարյանը:

Անդրադառնալով 2012թ. կանխատեսումներին` Սաֆարյանն ասել է. «Չեմ կարծում, որ Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս այնպիսի ռոմանտիկներ են ապրում, որոնք հավատում են, որ այս պայմաններում, նման խեղաթյուրված ձեւաչափով եւ հիմնախնդրի էությամբ հնարավոր կլինի ինչ-որ բեկումնային պահի հասնել: Կարծում եմ, որ 2012 թվականը  ղարաբաղյան հարցի կարգավորման առումով  ոչ մի առանձնահատուկ բան չի խոստանում»: