2011 թվականի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության ամենամեծ ձեռքբերումը Ազատություն հրապարակում 15-օրյա բողոքի ակցիան էր, որի ժամանակ կուսակցության առաջնորդը հացադուլ էր հայտարարել: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 26-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Նրա խոսքով, հասարակության այն բոլոր շերտերը, որոնց խնդիրներով զբաղվել է «Ժառանգությունը», այդ խնդիրների լուծման շրջանակներում այդ շերտերին տվել է հավատ սեփական ուժերի, սեփական «ես»-ի, քաղաքացիական ինքնագիտակցության նկատմամբ:
Բախշյանը վստահություն հայտնեց, որ 2012 թվականին, խորհրդարանական ընտրություններից առաջ, իրենց լավագույնս կհաջողվի հասարակությանը ներկայացնել իրենց արածը, եթե լրագրողներն իրենց օգնեն:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց, որ գալիք տարում կարեւորելու են ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցը եւ հասարակության հետ միասին այս իշխանություններին այլընտրանք են ներկայացնելու: «Ինչպես ասում են, տեր ենք»,- ավելացեց Անահիտ Բախշյանը:
Որպես 2011 թվականի բացթողում, «Ժառանգության» պատգամավորները նշեցին բյուջեի նախագծի վերաբերյալ «Ժառանգության» 152 մերժված առաջարկությունները, որոնք մերժվել են գումար չլինելու պատճառաբանությամբ:
Հարցին, թե ինչպես են վերաբերում ՀԱԿ-ի կողմից իշխանափոխության կոչերին եւ իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին հայտարարություններին, Ստյոպա Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ դա պարտության տանող ճանապարհ է եւ ընդդիմությունն այդ ճանապարհով չի կարող հասնել իր ուզածին: Անահիտ Բախշյանն էլ ավելացեց, որ դա «ջրի երեսին մնալու» խնդիր է լուծում:




























