Մովսես Խորենացիի փողոցի մսի շուկայում (ԳՈՒՄ-ի հարեւանությամբ) քաղաքացիներին ձիու ու սատկած անասունի միս են վաճառել; Այդ մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչության մամուլի պատասխանատու Բաբկեն Պիպոյանը:
Նրա տեղեկացմամբ` ձիու միս հայտնաբերվել է նաեւ Կոմիտասի մսի շուկայում, իսկ Գյումրիում ուսումնասիրություններն ու ստուգումները հայտնաբերել են պատռվածք ունեցող կովի միս, որը չպետք է վաճառքի հանվեր մանրածախ ցանցում:
Ըստ Պիպոյանի` Գումի մսի պասաժում տուգանքները կազմել են մոտ 2 մլն դրամ, որից 400 հազ. դրամը` այն տաղավարի նկատմամբ, որտեղ հայտնաբերվել են ձիու միսն ու սատկած կենդանին: Բ. Պիպոյանի տեղեկացմամբ` ձիու միսը վտանգավոր չէ առողջության համար, ու շատ դժվար է տարբերվում խոշոր եղջերավոր անասունի մսից: Իսկ մսի թարմությունը ստուգելու համար հարկավոր է մսավաճառին խնդրել մատով սեղմել միսը` եթե այն արագ է վերականգնվում, ապա թարմ է:



























