Իսրայելը Գազայում ավելի շատ տարածքներ կզավթի և կպայքարի այնքան ժամանակ, մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը ոչնչացվի, եթե նա շարունակի հրաժարվել ազատ արձակել մնացած պատանդներին, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի իր անզիջողականությունը, նա  ծանր գին կհատուցի, որն ավելի ու ավելի կբարձրանա տարածքների (Իսրայելի կողմից) գրավման և զինյալների ու ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացման դեպքում՝ մինչև ամբողջական կապիտուլյացիան»,-շեշտել է Կացն իր տեսաուղերձում։

Նա խոսել է մարտի 18-ին Իսրայելի վերսկսած օդային և ցամաքային պատերազմից հետո խախտված Գազայում հրադադարը փրկելու միջնորդների շարունակական ջանքերի ֆոնին, երբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը երկամսյա զինադադարը երկարաձգելու պայմանների շուրջ չկարողացան համաձայնության գալ:

Իսրայելը հայտարարել է, որ այլևս երբեք չի ընդունի ՀԱՄԱՍ-ի կառավարումը և ռազմական իշխանությունը Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գրոհայինների հարձակումից հետո, որը սկիզբ դրեց Գազայի պատերազմին:

Անցյալ շաբաթ իսրայելական զինվորականները հայտարարեցին, որ իրենց ուժերը թիրախային ցամաքային գործողություններ են սկսել Գազայի կենտրոնում և հարավում` պաշարված անկլավի վերսկսված ռմբակոծությունից հետո, որի հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոր արշավը նպատակ ունի ճնշում գործադրել իսլամիստ զինյալների վրա՝ մնացած պատանդներին ազատ արձակելու համար: