Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներին հանձնարարել է ամանորյա տոնական օրերին աշխատանքները պատշաճ կազմակերպել եւ, անհրաժեշտության դեպքում, արագ արձագանքել: Այս մասին նա ասել է այսօր` դեկտեմբերի 26-ին, քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ տոնական օրերին Երեւանի տրանսպորտի աշխատանքը պատշաճ կազմակերպելու նպատակով կազմվել է հստակ ժամանակացույց, սահմանվել է հերթապահություն։

Հանձնարարվել է շարունակել հետեւողական վերահսկողությունը մայրաքաղաքում բացօթյա առեւտուրը կանոնակարգելու ուղղությամբ։

Տոնական օրերին մայրաքաղաքի փողոցների անցանելիությունն ու մայթերի մաքրությունն ապահովելու նպատակով՝ կոմունալ տնտեսության վարչությանն ու վարչական շրջաններին հանձնարարվել է լրացնել աղի եւ ավազի պաշարները եւ ապահովել համապատասխան մեքենամեխանիզմների անխափան աշխատանքը։ Այս, ինչպես նաեւ տոնական օրերին սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով օպերատիվ շտաբին հանձնարարվել է աշխատել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցով։

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է վերստուգել բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության վիճակն ու սպասարկող ընկերություններին հանձնարարել պատրաստ լինելու՝ հնարավոր խափանումներն արագ վերացնելուն։ 

Տոնական օրերին բնակչության սպասարկումն անխափան իրականացնելու նպատակով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  համապատասխան հանձնարարականներ է տվել «Երեւան Ջուր», «Երեւանգազ» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին, Արտակարգ իրավիճակների Երեւան քաղաքի վարչությանը, ինչպես նաեւ շտապ բուժօգնության ծառայություններին։

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ մանկապարտեզներում երեխաներին հատկացվող սննդի որակն ստուգելու նպատակով, շարունակվում են անակնկալ ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ եւ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններին համապատասխան ընթացք է տրվել։