Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ակնարկել է, որ ԵՄ-ն կարող է միջամտել և աջակցել «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ ֆինանսավորման վերջին կրճատումից հետո, գրում է The Guardian-ը:

Պատասխանելով Չեխիայի գլխավորած երկրների կոալիցիայի դիմումին, ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ «Ազատ Եվրոպա»-ն անկախ հաղորդում է սփռում բազմաթիվ երկրներում, որտեղ լրատվամիջոցների ազատությունը վտանգված է:

Մենք կաշխատենք գործընկերների, մասնավորապես՝ Չեխիայի, Ավստրիայի, Բելգիայի, Լիտվան, Լատվիայի, Էստոնիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Սլովենիայի հետ»՝ աջակցելու համար «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի մրցանակակիր լրագրությանը: Ըստ նրա՝ աշխարհին լրատվամիջոցների ազատություն է պետք»:

Ավելի վաղ Վաշինգտոնի դաշնային շրջանային դատարանը բավարարել էր «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (Ազատություն ռադիոկայանի) միջնորդությունը և ժամանակավոր արգելք էր  դրել՝ մեդիա կորպորացիային Միացյալ Նահանգների Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունից (USAGM) ֆինանսավորում ստանալու մերժմանը:

Դատարանն այժմ պետք է քննարկի «Ազատություն» ռադիոկայանի միջնորդությունը՝ մեդիա ընկերությանը տրամադրել ավելի վաղ Կոնգրեսի հատկացրած շուրջ 77 միլիոն դոլարը՝ մինչև 2025 թվականի սեպտեմբեր աշխատելու համար:

Նախօրեին հայտնի դարձավ, որ USAGM-ը համաձայնել է վճարել «Ազատություն» ռադիոկայանին Կոնգրեսի հատկացրած միջոցների մի մասը։ Խոսքը 7,46 միլիոն դոլարի մասին է, որը կընդգրկի մարտի 1-14-ն ընկած ժամանակահատվածը, միջոցները պետք է փոխանցվեն մինչև մարտի 26-ը։