Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտասահմանում արտադրված բոլոր մեքենաների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանումն անվանել է «ուղիղ գրոհ» իր երկրի վրա եւ մտադիր է արձագանքի տարբերակներ ուսումնասիրել։
«Մենք կպաշտպանենք մեր աշխատողներին: Մենք կպաշտպանենք մեր ընկերությունները, մենք կպաշտպանենք մեր երկիրը»,- Օնտարիոյում կայացած մամուլի ասուլիսում Քարնիի խոսքերը մեջբերել է CNN-ը:
Քարնիի խոսքով՝ մաքսատուրքերը «ուղիղ գրոհ» են, որը խախտում է ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագիրը:
Այդ կապակցությամբ, ինչպես նշել է վարչապետը, Կանադան կդիտարկի իր պատասխան տարբերակները։
«Մենք մեխանիզմներ ենք պատրաստել անհրաժեշտության դեպքում պատասխան տուրքեր մտցնելու համար, այս առումով բազմաթիվ նկատառումներ կան»,- ասել է նա։
Associated Press գործակալությունը նշել է, որ վարչապետը հայտնել է, որ պատասխան քայլեր ձեռնարկելուց առաջ պետք է ծանոթանա Թրամփի հրամանագրի մանրամասներին։
Քարնին նաեւ ասել է, որ պետք է խոսի Թրամփի հետ, եւ հույս է հայտնել, որ դա շուտով տեղի կունենա։
Թրամփն ավելի վաղ հայտնել էր արտասահմանում արտադրված բոլոր մեքենաների ներմուծման 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին։
«Մենք 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանենք»,- ասել է նա Սպիտակ տանը։
Թրամփի խոսքով՝ «դա կհանգեցնի մեր տնտեսական աճին», ինչպես նաեւ այն փաստին, որ արտասահմանյան ավտոարտադրողները գործարաններ կբացեն ԱՄՆ-ում։
Նա պարզաբանել է, որ որոշումը վերաբերում է նաեւ փոքր բեռնատարներին։
Ամերիկյան լրատվամիջոցները նշել են, որ մեքենաների տուրքերի մասին որոշումը պետք է ուժի մեջ մտնի ապրիլի 2-ից։
ԵՄ ափսոսանքը մաքսատուրքերի վերաբերյալ Թրամփի որոշման կապակցությամբ արդեն հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։





























