Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման ուժերը հարված են հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին, կիրակի օրը հայտնել է շարժման խոսնակ Յահյա Սարին, հայտնում է Al Mayadeen-ը։
Սարին հայտարարել է, որ ռազմական գործողությունն իրականացվել է «Զուլֆիքար» բալիստիկ հրթիռի օգտագործմամբ և հաջողությամբ հասել է իր նպատակին՝ հավելելով, որ վերջին հարվածն իրականացվել է «ի աջակցություն Պաղեստինի ժողովրդին և նրա դիմադրությանը»։
Նա ընդգծել է, որ «Եմենի վրա օրական տասնյակ ավիահարվածները չեն խանգարի զինված ուժերին կատարել իրենց պարտականությունները», նշելով, որ «Եմենի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել Գազայի դեմ ագրեսիան և չի վերացվել պաղեստինյան անկլավի շրջափակումը»։





























