Մոսկվան եւ Վաշինգտոնը բանակցություններ են սկսել Ռուսաստանում հազվագյուտ հողերի մետաղների համատեղ արդյունահանման շուրջ, հայտնել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար եւ օտարերկրյա երկրների հետ ներդրումների եւ տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը։ «Հազվագյուտ հողերի մետաղները համագործակցության կարեւոր ոլորտ են, եւ, իհարկե, մենք քննարկումներ ենք սկսել Ռուսաստանում տարբեր հազվագյուտ մետաղների եւ նախագծերի շուրջ»,- ասել է Դմիտրիեւը «Իզվեստիայի» հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ամերիկյան որոշ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել ռուսական կողմի առաջարկած տարբերակների նկատմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է հազվագյուտ հողերի մետաղների արտադրության ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորության մասին՝ Վաշինգտոնի եւ Կիեւի ռեսուրսների գործարքի քննարկման ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է օգտվել Ուկրաինայի բոլոր հանքային պաշարներից։ «Մենք, անշուշտ, ունենք շատ ավելի, ես ուզում եմ ընդգծել՝ շատ ավելի նման կարգի ռեսուրսներ, քան Ուկրաինան: Ռուսաստանն այս հազվագյուտ հողերի մետաղների պաշարների անվիճելի առաջատարներից մեկն է»,- ասել է Պուտինը փետրվարի վերջին: Միաժամանակ նա ԱՄՆ-ին առաջարկել է օգտակար հանածոներ արդյունահանել, այդ թվում՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում։ Նման քայլի դիմելուն Պուտինին համոզել է Դմիտրիեւը, որին ՌԴ նախագահը նշանակել է Թրամփի թիմի հետ բանակցողներից մեկը, հայտնել են Bloomberg-ի աղբյուրները։

NBC-ի փոխանցմամբ՝ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում բանակցությունների ժամանակ Ռուսաստանն առաջարկել է ԱՄՆ-ին պայմանագիր կնքել, որով ամերիկյան կողմը կստանա սեփականության իրավունքի մի մասը հազվագյուտ հողերի օգտակար հանածոների եւ այլ արժեքավոր մետաղների նկատմամբ Դոնբասի եւ Զապորոժիեի այն շրջաններում, որոնք վերահսկվում են ռուսական բանակի կողմից։ ԱՄՆ ներկայացուցիչները ոչ մի պարտավորություն չեն ստանձնել, սակայն չեն բացառել նման գործարքի հնարավորությունը, նշել են հեռուստաալիքի աղբյուրները։ Իր հերթին Թրամփը հայտնել է, որ հետաքրքրված է Ռուսաստանի «շատ արժեքավոր ռեսուրսներով»:

ՌԴ բնական պաշարների նախարարության տվյալներով՝ Ռուսաստանում հազվագյուտ մետաղների ընդհանուր պաշարները կազմում են 658 մլն տոննա։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ռեսուրսների այս ծավալը բավարար է Ռուսաստանի տնտեսության ընթացիկ կարիքների համար եւ երկարաժամկետ հեռանկարում։ Գերատեսչության մասնագետները պարզաբանել են, որ հազվագյուտ մետաղների կատեգորիան ներառում է 14 տեսակ՝ լիթիում, ռուբիդիում, ցեզիում, բերիլիում, սկանդիում, ինդիում, գալիում, գերմանիում, ցիրկոնիում, գաֆնիում, վանադիում, նիոբիում, տանտալ, ռենիում, ինչպես նաեւ հազվագյուտ հողերի մետաղների 15 տեսակ: Մասնավորապես, հազվագյուտ հողերի մետաղների պաշարները երկրում գնահատվում են 28,5 մլն տոննա։