Ռուսական բանակի հրամանատարությունը դիտարկում էր Ուկրաինային տակտիկական միջուկային հարված հասցնելու հնարավորությունը 2022թ. աշնանը, պարտությունների շարքից հետո, որոնց հետեւանքով զորքերը ստիպված էին թողնել սկզբում Խարկովի մարզը, հետո հանձնել Խերսոնը։ Այս մասին տեղեկացրել է The New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ հետախուզության տվյալներին, որի ձեռքի տակ են հայտնվել ռուս գեներալների գաղտնի բանակցությունները։

Ինչպես գրել է NYT-ը, գեներալ Սերգեյ Սուրովիկինը՝ այն ժամանակ Ուկրաինայում ռուսական խմբավորման հրամանատարը, որը հետագայում ձերբակալվել է «Վագներ» ՄՌԿ խռովությանը մասնակցության համար, խոսել է միջուկային զենքի կիրառման մասին: Ըստ հետախուզական տվյալների՝ Սուրովիկինը դիտարկում էր միջուկային հարված հասցնելու հնարավորությունը՝ ուկրաինական զորքերին թույ չտալու համար անցնել Դնեպրը եւ հնարավոր հարձակում սկսել Ղրիմի վրա:

Բանակցությունների մասին տվյալները ձեռք բերելուց հետո ԱՄՆ հետախուզությունը կտրուկ բարձրացրել է միջուկային թեժացման հավանականության գնահատականը ուկրաինական հակամարտությունում՝ 5-10 տոկոսից հասցնելով 50 տոկոսի, պայմանով, որ ռուսական ճակատը Ուկրաինայի հարավում կսկսի քայքայվել։

Դրան նախորդել էին ռուս պաշտոնյաների հայտարարություններն Ուկրաինայի՝ իբր «կեղտոտ ռումբ» պայթեցնելու պլանների, ինչպես նաեւ Կրեմլի բազմաթիվ միջուկային սպառնալիքների մասին, որոնք հնչեցնում էին պաշտոնյաները, ընդհուպ մինչեւ նախագահը։

Financial Times-ի տվյալներով՝ միջուկային թեժացման կանխման համար ԱՄՆ-ը ներգրավել է Չինաստանին։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, FT-ի աղբյուրների խոսքով, անձամբ է նախազգուշացրել Վլադիմիր Պուտինին, որ միջուկային զենքի օգտագործումը վնաս կպատճառի Մոսկվայի եւ Պեկինի հարաբերություններին, որը պատերազմի սկսվելուց հետո դարձել է ռուսական նավթի եւ գազի ամենամեծ գնորդը եւ ՌԴ սպառողական ապրանքների գլխավոր մատակարարը։ Ուղերձը, ինչպես հավաստիացրել են FT աղբյուրները, Սի Ծինփինը Պուտինին է հասցրել 2023թ. մարտին եւ հանձնել Մոսկվայում անձնական հանդիպման ժամանակ։

Կրեմլին ազդանշան է ուղարկել նաեւ ԱՄՆ-ը, անցած տարվա մայիսին պատմել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին։ «Ամերիկացիները ռուսներին ասացին, որ եթե միջուկային ռումբ կիրառեք, անգամ եթե ոչ ոք չզոհվի, մենք կխոցենք ձեր բոլոր օբյեկտներն Ուկրաինայում սովորական զենքով, մենք դրանք բոլորը կոչնչացնենք»,- ասել է Սիկորսկին։