Դեկտեմբերի 26-ին Երեւանի ժամանակով 17.00-ին կայանալիք Փարիզ-Երեւան չվերթը հետաձգվել է եւ այն կայացել է այսօր` դեկտեմբերի 27-ին ժամը 14.40-ին: NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել մեր ընթերցողներից Ջուլիան եւ պատմել, որ իր ընկերները երեկ պետք է Փարիզ-Երեւան չվերթով ժամանեին Հայաստան: «Սկզբից ասացին, որ կես ժամով հետաձգվում է, հետո 4 ժամ սպասելուց հետո նրանց ասացին, որ թռիչքը չեղյալ է համարվում տեխնիկական պատճառներով: Նրանք, ովքեր Փարիզից էին գալիս, ուղարկեցին իրենց տները, իսկ մեր ընկերները, որոնք Իսպանիայից էին գալիս, տեղավորվեցին հյուրանոցում»,- ասաց Ջուլիան` հավելելով, որ չվերթի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չէին կարողանում ստանալ այստեղ, «Զվարթնոց» օդանավակայանի կայքում նշվում էր, որ ինքնաթիռը թռել է ժամանակին եւ ժամանակին էլ կժամանի:
Ընթերցողի ահազանգի հետքերով զանգարահեցինք «Արմավիա» ավիկաընկերություն: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ասաց, որ Փարիզ-Երեւան չվերթը Երեւանի ժամանակով թռել է ժամը 14.40-ին: Թռիքչի հետաձգման պատճառը, ըստ «Արմավիայի», Փարիզում մառախուղն էր եւ չվերթը կայացել է մեր օդաչուների վարպետության շնորհիվ: Նանա Ավետիսովայի փոխանցմամբ` բոլոր ուղեւորները ապահովվել են հյուրանոցով, սննդով եւ այլ անհրաժեշտ պարագաներով:



























