Ամանորյա տոների ընթացքում բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը իրականացնում է նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ համապատասխան օբյեկտներում (մարզամշակութային, ուսումնական եւ մարդկանց զանգվածային ներկայությամբ այլ օբյեկտներ):

Մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու, հրդեհներից ու դրանց ծանրագույն հետեւանքներից խուսափելու նպատակով ԱԻՆ-ը դիմում է բնակչությանը:

«Ամանորյա ուրախությունը ոչնչով չխաթարելու համար խնդրում ենք խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Մասնավորապես, տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ամուր պատվանդանի վրա, ընդարձակ սենյակում, որն ունենա մեկից ավելի տարհանման ելք: Հարկավոր է հետեւել, որ տոնածառի շրջապատն ազատ լինի զանազան դյուրավառ իրերից, իսկ ճյուղերը չդիպչեն պատերին ու առաստաղին: Չի թույլատրվում տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջեւ, իսկ հեռավորությունը դյուրավառ իրերից ու առարկաներից պետք է լինի 1 մետրից ոչ պակաս:

Տոնածառի էլեկտրալուսավորությունը պետք է անցկացնի մասնագետը փակ հաղորդալարերով` էլեկտրատեխնիկական նորմերի եւ կանոնների պահպանմամբ: Լուսավորության համար պետք է օգտագործել 12 վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել եւ հուսալիորեն մեկուսացնել: Շատերը տոնածառը զարդարելիս օգտագործում են բամբակ, թուղթ, պլաստմասսայե խաղալիքներ, երեխաների համար մառլյայից ու բամբակից կարում են կոստյումներ: Այդ բոլորը հեշտ բռնկվող նյութեր են, եւ բավական է մի փոքրիկ կայծ, որ տեղի ունենա բռնկում ու հրդեհ:

Արգելվում է տոնածառը լուսավորել մոմերով, բենգալյան կրակով հրավառություն անել եւ այդ սենյակում օգտագործել բաց կրակ:  Հատուկ ուզում ենք նշել, որ խստորեն արգելվում է տարբեր տեսակի հրավառությունների, ճայթռուկների (հատկապես` չինական արտադրության) օգտագործումը, որոնք  խիստ հրդեհապայթունավտանգ են:

Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ եւ այլն: Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք: Չի կարելի փոքրահասակ երեխաներին թողնել տոնածառների մոտ առանց հսկողության: Դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ»,-ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ: