«Հայփոստ»-ը այսօր՝ դեկտեմբերի 27-ին, վերաբացել է փոստային 0056, 0064 եւ Աշտարակ քաղաքի փոստային բաժանմունքները: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստ»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նորացված փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության եւ ազդանշանային համակարգերով, տեսագրային սարքավորումներով: Բաժանմունքներում իրականացվում է 24-ժամյա վերահսկողություն: Ըստ «Հայփոստ»-ի՝ նորոգված, նոր բրենդին համապատասխանեցված բաժանմունքները ոչնչով չեն տարբերվում մայրաքաղաքում վերաբացված փոստային բաժանմունքներից ոչ ծառայությունների, ոչ սպասարկման որակի մակարդակով:

Երեւանի եւ Աշտարակի այս բաժանմունքներում եւս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառուցվածքը, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը:

Նոր ենթակառույցների եւ օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ եւ օպերատիվ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցել տեղի բնակիչներին:

Մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել է 104-ի` ինչպես Երեւանում, այնպես էլ` հանրապետության մարզերում: