ՀՀԿ Երեւանի կառույցների կողմից իրականացվող նախատոնական ակցիայի շրջանակում, քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների եւ ծնողազուրկ ավելի քան 900 երեխաներ այսօր` դեկտեմբերի 27-ին, հյուրընկալվել են Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում:
Փոքրիկ երեւանցիները նախ հնարավորություն են ստացել Մայր թատրոնի բեմում դիտել մանկական նոր ներկայացում, որն, ի դեպ, օրվա միակ նվերը չէր նրանց համար: Բեմադրության ավարտից հետո բոլոր երեխաները ստացել են ամանորյա նվեր-պարկեր:
«Տարեմուտի շնորհավորանքներ, Ձմեռ պապիկի այց եւ նվերներ: Թերեւս յուրաքանչյուր երեխայի համար սա շատ բնական է: Այս օրերին այդպսիսի հնարավորություն մենք ընձեռում ենք հենց այն երեխաներին, որոնք այդպիսի հնարավորություն չունեն եւ ակնկալում ենք, որ երեխաներն այստեղից կգնան ժպիտներով եւ ուրախ»,-նշել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյան:
ՀՀԿ Երեւանի տարածքային կազմակերպությունների նախաձեռնությամբ եւս 3000 անապահով ընտանիքների երեխաներ հնարավորություն կունենան դիտել ամանորյա ներկայացումներ: Բացի այդ, տոնական այս օրերին մայրաքաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպությունները կշարունակեն սոցիալապես անապահաով 30.000 ընտանիքների եւ շուրջ 35.000 երեխաների համար սոցիալական աջակցության եւ ամանորյա նվեր-պարկերի տրամադրման ակցիան:
Նշենք, որ քաղաքական որոշակի շրջանակներ հայտարարել են, որ նմանատիպ ակցիաները նախընտրական բնույթ են կրում եւ ընտրակաշառք են խորհրդարանական ընտրություններից առաջ:



























