Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն այսօր` դեկտեմբերի 27-ին, այցելել է Գյումրի, որտեղ մասնակցել է նորակառույց շահագործման հանձնվելիք 4 սենյականոց բնակարանների վիճակահանությանը:

Գյումրիի Մուշ-2 թաղամասում կառուցվող շենքերից 124-ը 4 սենյականոցներ են, սակայն վիճակահանությանը մասնակցել է 109 անօթեւան: 4 սենյականոց բնակարան ստանալու համար քաղաքաշինության նախարարություն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել էր 191 ընտանիք, որից 2-ը սակայն մերժում են ստացել: Վիճակահանությանը մասնակցող 109 անօթեւաններից 21-ում առկա է եղել հաշմանդամություն ունեցող անձ, որոնց նախապես առաջարկվել է բնակարան ստանալ առաջին հարկում, սակայն 9  շահառու է միայն համաձայնել: Եղել են ընտանիքներ, ովքեր չեն մասնակցել վիճակահանությանը, եւ հրաժարվել են իրենց բնակարանից, այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժից հետո ընտանիքի անդամների թիվն ավելացել է, իսկ հատկացվող 4 սենյականոցները չեն բավականացնի:

Ինչ վերաբերում է բնակարանամուտին, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրել է, որ, ամենայն հավանականությամբ, այն նախատեսված է 2012 թվականի երկրորդ եռամսյակում:

Պատասխանելով NEWS am-ի թղթակցի հարցին, թե ե՞րբ է լուծվելու անօթեւանության խնդիրը Շիրակի մարզում, քաղաքաշինության նախարարը տեղեկացրել է, որ 2013 թվականին: