Հայ-ամերիկյան ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների Սուրբ Ծննդի բարեգործական հիմնադրամը, որը 12 տարի առաջ ստեղծել եւ ղեկավարում է Լոս-Անջելեսի երեւելի մտավորական, «Քաջ Նազար» ամսագրի գլխավոր խմբագիր Հվհաննես Բալայանը, Հայաստանում 12-րդ անգամ անցկացնում է Ամանորի եւ Սուրբ Ծննդի միջոցառումներ:
Նախորդ տարիներին ավելի քան 150 հազար փոքիկներ համերգասրահներում, մանկատներում, մանկապարտեզներում ու դպրոցներում մասնակցել են ուրախ եւ հետաքրքիր տոնահանդեսների, ստացել նվերներ, երգել, պարել, զվարճացել: Նոր 2012 թ.-ը, ֆոնդի բարի ավանդույթների շարունակությունն է: Գեղարքունիքի, Շիրակի, Լոռիի, Երեւանի, մանկատների փոքրիկները հնարավորություն կունենան իրենց օջախում ընդունել ամանորյա շքեղ ներկայացումներ, ստանալ յուրահատուկ նվերներ:
Տոնի եզրափակիչ հանդիսությունները կավարտվեն Երեւանում` Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում, ուր արդեն հրավերներ են ստացել հազարավոր կարիքավոր եւ հաշմանդամ երեխաներ, անապահով մանուկներ: Եվ բոլոր-բոլորը շնորհավորելով սփյուռքահայերի Ամանորն ու Սուրբ Ծննունդը, ցանկանում են, որ հեռավոր Ամերիկայում ապրող մեր հայրենակիցների բարի ցանկությունները իրականանան նաեւ գալիք բոլոր տարիներին:




























