Հյուսիսային Կորեայի մոտ 10 զինվորներից բաղկացած խումբը հատել է Հարավային Կորեայի հետ սահմանին ապառազմականացված գոտում ռազմական սահմանազատման գիծը և նախազգուշական կրակոցներից հետո վերադարձել իր տարածք։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Հարավկորեական կողմը նախ նախազգուշացում է արել՝ օգտագործելով տեխնիկական սարքեր, ապա նախազգուշական կրակ բացել։ Հյուսիսային Կորեայի զորքերը վերադարձել են սահմանազատման գծից հյուսիս։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում։ Կոմիտեն հայտարարել է, որ իրենք ուշադիր հետևում են ԿԺԴՀ բանակի գործունեությանը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ գործառնական կանոնակարգին համապատասխան։
Նախօրեին կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը պնդում էր, որ ԿԺԴՀ-ի մոտ 1500 զինվորական աշխատանքներ են իրականացնում սահմանին, այդ թվում՝ տարածքների մաքրում և փշալարերի տեղադրում։ Նա նշել է, որ հարավկորեական կողմը ոչ մի արտասովոր ակտիվություն չի նկատում։





























