Առաջատար ընդդիմադիր «Տոբուրո» դեմոկրատական կուսակցության նախագահ Լի Չժե Մյոնը լքել է նրա ղեկավարի պաշտոնը՝ Հարավային Կորեայում հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։ Սպասվում է, որ նա ընտրություններին մասնակցելու մասին կհայտարարի արդեն ապրիլի 10-ին։
«Ես երախտապարտ եմ, որ կարողացա ղեկավարել կուսակցությունը երեք տարի եւ կարողացա որոշակի արդյունքների հասնել: Բայց ես առանձնապես տխուր կամ թեթեւացած չեմ զգում, քանի որ կարծում եմ, որ շուտով նոր գլուխ կսկսեմ»,- ասել է Լի Չժե Մյոնը: Նա համարվում է առաջիկա ընտրությունների ֆավորիտը։
2022թ. Լի Չժե Մյոնը պարտություն կրեց ներկայիս նախկին նախագահ Յուն Սոկ Յոլից1 տոկոսից պակաս ձայներով։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը Յուն Սոկ Յոլին հեռացրեց իշխանությունից։ Արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին։
Լի Չժե Մյոնը մրցակցում է աշխատանքի նախկին նախարար Կիմ Մուն Սուի հետ, որը երեքշաբթի հրաժարվեց իր պաշտոնից։ Կիմ Մուն Սուն միացել է պահպանողական «Քաղաքացիական ուժ» կուսակցությանը: «Իմփիչմենթի որոշումը վերջնական է, մենք կարող ենք միայն ճանաչել այն, բայց մենք չպետք է կանգ առնենք, եկեք պայքարենք եւ հաղթենք»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա ավելի վաղ եղել է աշխատանքային շարժման ակտիվիստ։ Աշխատանքի նախկին նախարարն ասել է, որ որպես նախագահ կձգտի ատոմակայանների վառելիքը ինքնուրույն հարստացնելու իրավունք ունենալ եւ կփորձի միջուկային սուզանավեր կառուցել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի գործողությունների։ Եթե Սեուլը ձեռք բերի վառելիքի հարստացման իրավունք, ապա Հարավային Կորեան կհայտնվի միջուկային տերություն դառնալու շեմին, երբ երկիրն ունի բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու փորձը միջուկային զենք ստեղծելու համար, բայց դա չի անում քաղաքական պատճառներով։




























