Մայիսի 9-ի Հաղթանակը նաև մեր հաղթանակն է. 300 հազար զոհ ենք ունեցել: Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնական միջոցառումներին չմասնակցելու Եվրամիության առաջարկությունը ԵՄ անդամության թեկնածուներին։
«Հենց այդքան մարդ ճակատից չվերադարձավ Հայաստան։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Դիմադրության շարժման մեջ նաև հայեր կային։ Սա այն օրերից է, որով մենք հպարտանում ենք։ Կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը որևէ կերպ չի կարող կապված լինել ԵՄ-ի և այլ հարցերի հետ»,- պարզաբանեց Սիմոնյանը։
ԵՄ շատ առաջնորդներ, նրա խոսքով, այցելում են Մոսկվա, հանդիպում և բանակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Հիմա, օրինակ, բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի հետ: Այնպես որ դա իրենց դիրքորոշումն է, իսկ սա՝ մերը: Եկեք չմոռանանք, որ միջպետական հարաբերություններում՝ լինի դա ԵՄ-ի, Ռուսաստանի, թե մեկ այլ երկրի, կա Հայաստանի դիրքորոշումը, որին մենք հավատարիմ ենք և դրան համապատասխան առաջ ենք շարժվում»,- ասաց խորհրդարանի նախագահը։
Նա ընդգծեց, որ ինչ-որ մեկին կարող է դուր չգալ պաշտոնական Երեւանի այս կամ այն քայլը, բայց Հայաստանն ունի իր շահերը:
Անդրադառնալով նախորդ տարի միջոցառմանը Հայաստանի չմասնակցելուն՝ ԱԺ նախագահը նշեց, որ նախորդ անգամ անհարմար էր մասնակցել։ Բացի այդ, այս տարի նշվում էՄեծ հաղթանակի 80-ամյակը:
Հովհաննես Մանուկյան





























