Մեզ համար դրանք կարմիր գծեր են՝ ցանկացած ժամանակավոր օկուպացված տարածք ճանաչել որպես ռուսական, Թրամփի ներկայացուցիչ Ուիթքոֆն այդ հարցը քննարկում է իր իրավասությունից դուրս։ Ըստ УНИАН գործակալության՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և բոլոր տարածքները պատկանում են Ուկրաինայի ունիտար պետությանը, հետևաբար պետության տարածքի մասին կարող է խոսել միայն Ուկրաինայի ժողովուրդը»,- ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Զելենսկին «դրական» է անվանել հանքային ռեսուրսների վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի շուրջ բանակցությունները և ազդարարել նոր հանդիպումների մասին։

«Դա տեխնիկական թիմի հանդիպում էր, և այդ մակարդակի հանդիպումները տարբեր ձևաչափերով՝ թե՛ օֆլայն, թե՛ առցանց, կշարունակվեն այս շաբաթվա ընթացքում: Այս բոլոր շփումներից հետո, երբ թիմերը պատրաստ լինեն, ցույց կտան, թե ինչի վրա են աշխատել»,- նշել է նա։