Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի ղեկավար արք. Արամ Աթեշյանը մասնակցել է «Աշխարհի պատվո հյուպատոսների միության» համաժողովին։

Պոլսո հայոց պատրիարքարանի կայքէջի փոխանցմամբ, Աթեշյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 14-18-ը Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվող «Աշխարհի պատվո հյուպատոսների միության» (FICAC) 9-երորդ համաժողովին, որին մասնակցում են 70 երկրների 300 մասնակիցներ: «Տնտեսական եւ սոցիալական զարգացման համար համագործակցություն» անունը կրող համաժողովի անցկացմանը աջակցել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, արտգործնախարարությունը, Իզմիրի նահանգապետարանը եւ այլն:

«Մեր օրերում Թուրքիայի հանրապետությունում ապրող հայ քրիստոնյաների մեծ մասը Ստմբուլում են, իսկ մի փոքր մասը՝ Անատոլիայում։ Ֆաթիհի տարիներին՝ Բուրսայից Ստամբուլ տեղափոխված հայերի հետ մեկտեղ՝ Հովակիմ եպիսկոպոսի նստավայրն էլ Բուրսայից Ստամբուլ տեղափոխվեց։ Օսմանյան կայսրության սահմաններում ապրող հայերի եպիսկոպոսական աթոռը՝ 1461 թվականին սուլթան Ֆաթիհ Մեհմեդի հրամանով ճանաչվեց որպես Թուրքիայի հայերի պատրիարքարան, իսկ Հովակիմը հռչակվեց պատրիարք։

Թուրքիայի հայերի պատրիարքարանի իրավասության տակ է 36 հայկական եկեղեցի Ստամբուլում եւ 6 եկեղեցի՝ Անատոլիայում»,- նշել է Աթեշյանն ու հավելել. «Եկեղեցին մշտապես սոցիալական օգնություն է տրամադրել կարիքավորներին։ Կրթությանը կարեւորություն տալով՝ ամեն եկեղեցում կողքին դպրոց կառուցելը՝ մեր ավանդույթներից է։ Ստամբուլում գործում է 6 բարձրագույն եւ 12 միջնակարգ հայկական դպրոց։ Այդ դպրոցները գործում են Թուրքիայի կրթության նախարարության ծրագրերով, որտեղ կան նաեւ հայերեն լեզու եւ գրականություն, կրոնական մշակույթի դասաժամեր»։

Ըստ Աթեշյանի՝ Թուրքիայի հայ համայնքի սոցիալական օգնության շրջանակներում կարեւոր դերակատարություն ունի՝ Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցը, Սուրբ Հակոբ հայկական կաթոլիկ հիվանդանոցը, ծերանոցը, 2 մանկատունը։ Հայերեն հրապարակվող թերթերը եւ գրքերը կարեւոր հավելում են մշակույթային կյանքին։ «Աստված մեր բոլորի աղոթքները ընդունի եւ մարդկության օգտին իրականացվող բոլոր աշխատանքներին հաջողություն տա»,- ասել է արք. Արամ Աթեշյանը։