Եթե Հայաստանի ազգային հավաքականին հաջողվի հաղթահարել ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի արգելքը, ապա դա հերոսություն կլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ ընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի հավաքականները:
Յուրա Մովսիսյանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի հարցմանը, որն անցկացնում էր Sovsport.ru-ն: Հիշեցնենք, որ ռուսական կայքի խմբագրությունը որոշել էր հանել Մովսիսյանի անունը ցուցակից, քանի որ առցանց քվեարկության ժամանակ գրանցվել էին բազմաթիվ մեքենայություններ` Մովսիսյանի օգտին առավել ձայներ ապահովելու նպատակով:
«Սովետսկի սպորտ» թերթի կայքը հարցում էր անցկացնում Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստին որոշելու նպատակով: Դու միանձնյա գլխավորում էիր այդ ցուցակը, սակայն քո անունը հանեցին ցուցակից` պատճառաբանելով, թե ձայների մեծամասնությունը կեղծ է: Ի՞նչ կասես այդ մասին:
Ես պարզապես ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել իմ բոլոր երկրպագուներին, ովքեր քվեարկել են իմ օգտին: Բայց համացանցային քվեարկությունները շատ փոքր դեր են խաղում լավագույնին որոշելու համար:
Ռուս ֆուտբոլային մասնագետ Ալեքսանդր Տարխանովը նշել էր, որ դու Հայաստանի հավաքականում ավելի լավ ես դրսեւորում քեզ, քան ակումբում:
Համամիտ չեմ, որովհետեւ ես բոլոր խաղերում էլ նույն ձեւ եմ ինձ դրսեւորում:
Վերջերս շատ են խոսակցությունները նոր թիմ քո տեղափոխվելու հավանականության մասին:
Ես դրա մասին չեմ ցանկանում ոչ մի բան ասել, քանի որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ եւ ուրիշ թիմ տեղափոխվելու մասին խոսելն այդքան էլ ճիշտ չի լինի իմ կողմից:
Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:
Ես գտնում եմ, որ սա մեզ համար շատ մեծ շանս է: Եթե մեզ հաջողվի դուրս գալ մեր ենթախմբից, ապա դա պարզապես հերոսություն կլինի:
Յուրա, որտե՞ղ եւ ինչպե՞ս ես դիմավորելու Ամանորը:
Դիմավորելու եմ Փասադենայում, ընտանիքիս հետ:
Ի՞նչ կմաղթես քո երկրպագուներին:
Շատ շնորհակալ եմ մեր բոլոր երկրպագուներին` մեզ սիրելու եւ հարգելու համար: Բոլորին ցանկանում եմ առողջություն, հաջողություններ: Մեր կողմից էլ սպասեք նորանոր հաղթանակների:
Զրուցեց Տաթեւ Մարությանը




























