Ֆրանսիայի ծայրահեղ արմատական «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Ժորդան Բարդելան Le Parisien-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է փոխարինել Մարին Լը Պենին 2027 թվականի նախագահական ընտրություններում, եթե նրան դատարանի որոշման պատճառով արգելեն մասնակցել ընտրություններին։

Բարդելան ասել է, որ իրեն է համարում  նախագահի ակնհայտ թեկնածու, եթե Լը Պենը չառաջադրվի։

Միաժամանակ նա հավելել է, որ «Ազգային միավորումը» կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները՝ Լը Պենի անմեղությունն ապացուցելու և նրա դատավճիռը բողոքարկելու համար։

Բարդելան նաև ասել է, որ պատրաստվում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, եթե Լը Պենին թույլատրվի մասնակցել ընտրություններին և նա  դառնա նախագահ, հաղորդում է «Եվրոպական պրավդան»։

Մարտին Փարիզի դատարանը Լը Պենին և «Ազգային միավորում» կուսակցության երկու տասնյակ անդամների մեղավոր էր ճանաչել ԵՄ միջոցները յուրացնելու մեջ և դատավճիռ կայացրել, որը նրան արգելում է մասնակցել Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններին, եթե նրա նկատմամբ որոշումը չչեղարկվի 18 ամսվա ընթացքում։

Դատարանի որոշումը ծանր հարված էր 56-ամյա Լը Պենի համար։ «Ազգային միավորման» առաջնորդը Եվրոպայի ծայրահեղ արմատական ուժերի ամենաակնառու դեմքերից մեկն է և Ֆրանսիայում 2027 թվականի ընտրությունների վերաբերյալ հարցումների առաջատարը։

Շաբաթ օրը Elabe-ի անցկացրած հասարակական կարծիքի հարցումը ցույց տվեց, որ Լը Պենը դեռևս առաջատար է նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար՝ հավաքելով  36% ձայներից 32%-ը՝ առաջ անցնելով նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպից, որը հավաքել էր ձայներիը 24%-ից  20.5%-ը։ Լը Պենը բողոքարկել է որոշումը, սակայն դատարանը հայտարարել է, որ բողոքարկումների վերաբերյալ որոշում կկայացնի 2026 թվականի ամռանը։