Որոշ չինական ընկերություններ ժամանակավորապես դադարեցնում են արտադրությունը, կրճատում են աշխատատեղերը եւ փնտրում են նոր շուկաներ՝ ի պատասխան ԱՄՆ մաքսատուրքերի: Այս մասին հայտնել է CNBC-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Ես գիտեմ մի քանի ֆաբրիկաներ, որտեղ [ղեկավարությունը] մի քանի շաբաթով իրենց աշխատակիցների կեսին ուղարկել է տուն եւ դադարեցրել արտադրության մեծ մասը»,- հեռուստաալիքին ասել է Tidalwave Solutions խորհրդատվական ընկերության աշխատակից Քեմերոն Ջոնսոնը։ Շանհայում ապրող փորձագետի կարծիքով՝ ամենից շատ տուժել են խաղալիքներ, սպորտային ապրանքներ եւ ցածր գներով ապրանքներ արտադրող գործարանները: Այս միտումը ազդել է Չինաստանի արտաքին առեւտրի առանցքային կենտրոնների՝ Իու (Չժեցզյան նահանգ) եւ Դունգուան (Գուանդուն նահանգ) քաղաքների վրա, սակայն «դեռեւս լայն տարածում չի ստացել»։ Միաժամանակ մտավախություն կա, որ նման դեպքերի թիվը կավելանա։

CNBC-ի հետ զրույցում չինական Woodswool սպորտային հագուստի ընկերության մենեջեր եւ ապրանքանիշի տնօրեն Լի Յանն ասել է, որ ԱՄՆ-ում իր բոլոր պատվերները չեղյալ են հայտարարվել: Դրա հետ կապված՝ ավելի քան 20 տարի ամերիկյան շուկա, ինչպես նաեւ Եվրոպա եւ Ավստրալիա ապրանքներ արտահանող ընկերությունը որոշել է 2-3 ամսով դադարեցնել իր արտադրամասերի մի մասի աշխատանքը, մինչեւ որ կհասցնի դուրս գալ նոր շուկաներ։