Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատասխանատու է մարդու իրավունքների միջազգային իրավիճակի վատթարացման համար։
«Թրամփի վարչակազմի հակաիրավական արշավն արագացնում է գոյություն ունեցող վնասակար միտումները՝ խաթարելով մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունը եւ վտանգի տակ դնելով միլիարդավոր մարդկանց ամբողջ աշխարհում»,- նշվել է խմբի հայտարարության մեջ՝ նվիրված ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնավարման առաջին 100 օրվան:
«Թրամփի էֆեկտը» «չեղարկում է տասնամյակների քրտնաջան աշխատանքը՝ բոլորի համար մարդու համընդհանուր իրավունքները կառուցելու եւ առաջ մղելու նպատակով եւ արագացնում է մարդկության մխրճումը դաժան նոր դարաշրջան, որը բնութագրվում է ավտորիտար պրակտիկաների եւ կորպորատիվ ագահության միաձուլմամբ»,- նշել է Amnesty International-ը՝ գնահատելով իրավիճակը 150 երկրներում:
Տեխնոլոգիական ընկերությունները «վաղուց նպաստում ենլ խտրական եւ ավտորիտար պրակտիկաներին, բայց նախագահ Թրամփը սրել է այս միտումը՝ խրախուսելով սոցիալական մեդիա-ընկերություններին հրաժարվել պաշտպանությունից, այդ թվում՝ վերացնելով երրորդ կողմի փաստերի ստուգումը Meta-ի կողմից եւ կրկնապատկելով բիզնես-մոդելը, որը թույլ է տալիս տարածել ատելություն պարունակող եւ դաժան կոնտենտ»:
Թրամփի վարչակազմի եւ տեխնոլոգիական միլիարդատերերի միջեւ գործարքը նաեւ վտանգում է դռները բացել մոլեգնող կոռուպցիայի, ապատեղեկատվության, անպատժելիության եւ պետական իշխանության կորպորատիվ գրավման դարաշրջանի առջեւ, նշել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը:
Նրա կարծիքով՝ նախագահ Թրամփը դրսեւորել է մարդու համընդհանուր իրավունքների ամբողջական անտեսում։ Նրա կառավարությունը «արագ եւ միտումնավոր կերպով թիրախավորել է ամերիկյան եւ միջազգային կարեւորագույն հաստատությունները եւ նախաձեռնությունները, որոնք կոչված են աշխարհը դարձնել ավելի ապահով եւ ավելի արդար»:





























