Իլոն Մասկը կարողացել է օգտագործել իր ղեկավարած կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE)՝ օգնելու Tesla-ին, SpaceX-ին եւ իրեն պատկանող այլ ընկերությունների խուսափել 2,37 մլրդ դոլար տուգանք վճարելուց: Այս մասին նշվել է ԱՄՆ Սենատի ներքին անվտանգության եւ կառավարական հարցերի կոմիտեի հետաքննությունների մշտական ​​ենթակոմիտեի դեմոկրատ անդամների հրապարակված զեկույցում։

Փաստաթղթի հեղինակների խոսքով՝ մինչեւ 2025թ. հունվարի 20-ը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելու օրը, Մասկի ընկերությունները բախվել են առնվազն 65 դատական ​​հայցի՝ ԱՄՆ առնվազն 11 դաշնային գործակալությունների հետ։ «Ենթակոմիտեի հետաքննությունն առաջին անգամ պարզել է, որ Մասկը եւ նրա ընկերությունները 2025թ. հունվարի դրությամբ բախվել են առնվազն 2,37 մլրդ դոլարի հնարավոր պարտավորությունների», - նշվել է զեկույցում:

Ինչպես հավաստիացնում են փաստաթղթի հեղինակները, այդ գումարը ներառում է Tesla-ի համար 1,19 մլրդ դոլարի պոտենցիալ տույժեր, որոնք կարող էին հաջորդել «Ավտոպիլոտի եւ լիովին ինքնավար վարման առանձնահատկությունների մասին ապակողմնորոշիչ հայտարարություններին»:

Բացի այդ, զեկույցում նշվել է նաեւ «Neuralink» սթարտափը, որը չիպեր է մշակում մարդու ուղեղում փոխպատվաստման համար. նրան սպառնում է մինչեւ 1,59 մլն դոլարի տուգանք՝ կապիկների եւ խոզերի վրա փորձեր կատարելիս կենդանիների բարեկեցության մասին օրենքների հնարավոր խախտման համար: Ընկերությունը կարող էր բախվել եւս 281 մլն դոլարի գանձման «սուտ կամ մոլորեցնող հայտարարությունների համար իր արտադրանքի հետ կապված ռիսկերի մասին»։

Փաստաթղթի հեղինակները նաեւ մատնանշել են շահերի բախումը. Մասկը վերահսկում է ԱՄՆ դաշնային կառավարական գործակալությունների աուդիտը եւ միաժամանակ հանդիսանում է այն ընկերությունների սեփականատերը, որոնք խոշոր պայմանագրեր են ստանում ԱՄՆ կառավարությունից: «Մասկի դիրքը թույլ է տալիս նրան խուսափել վերահսկողությունից, խափանել հետաքննությունը եւ չեղարկել դատավարությունը, եթե նա ցանկանա՝ իր պայմաններով եւ իր հրամանով»,- նշվել է զեկույցում: