Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու եւ Քաշմիր միութենական տարածք) ահաբեկչության (որի հետեւանքով զոհվել է 26 մարդ) կազմակերպիչները պետք է պատժվեն։

«Երեկ մենք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկեցինք Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչությունը: Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Ջայշանկարը X-ում:

Չորեքշաբթի պետդեպարտամենտը հայտնել է, որ Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ եւ կոչ է արել նրանց թուլացնել լարվածությունը երկու երկրների միջեւ: Հնդիկ գործընկերոջ հետ զրույցում Ռուբիոն ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի հանգեցրած ահաբեկչության կապակցությամբ եւ վստահեցրել, որ ԱՄՆ-ը կխորացնի համագործակցությունը Հնդկաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում։ Ռուբիոն նաեւ կոչ է արել Նյու Դելիին համագործակցել Պակիստանի հետ՝ Հարավային Ասիայում լարվածությունը նվազեցնելու եւ խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու ուղղությամբ: