Բուդապեշտի կենտրոնում անցկացվել է զանգվածային ցույց ընդդեմ նոր Սահմանադրության: Հունգարիայի մայրաքաղաքի փողոցներ դուրս են եկել տասնյակ հազարավոր մարդիկ:
Ցուցարարների խոսքով` նոր Սահմանադրությունը չի համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին եւ կհանգեցնի պետական ինստիտուտների` դատարանների ու կենտրոնական բանկի իրավասությունների ոտնահարմանը: Ցուցարարները համոզված են, որ փաստաթուղն ուժեղացնում է վերահսկողությունը կրոնական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների նկատմամբ, հայտնում է «Մայակ» ռադիոկայանը: Ցուցարարները վանկարկում էին կարգախոսներ ուղղված «Հունգարիայի քաղաքացիական միության» («Ֆիդես»)-ի առաջնորդ, վարչապետ Վիկտոր Օրբանի դեմ` մեղադրելով նրան ավտորիտարիզմի մեջ:
«Ֆիդեսի» մշակած նոր Սահմանադրությունը քննադատել են նաեւ ԵՄ-ն եւ ԱՄՆ պետքարտուղարը: Երկրի մայր փաստաթուղթն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:




























