Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել է գալ Մոսկվա՝ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, հաղորդում է ТАСС-ը։
«Ես խոստացել եմ նախագահ Պուտինին, որ այսօր այստեղ կլինեմ և կատարել եմ խոստումս։ Բայց կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահի հետ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կազմակերպված զրույցը շատ կարևոր է մեզ համար, (սա) նույնպես շատ կարևոր է։ Բայց մենք մեծ խնդիր ունենք՝ պահպանել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հիշատակը։ Ես հպարտ եմ այս հաղթանակում սերբ ժողովրդի դերով։ Եվ շնորհակալություն ջերմ ընդունելության, հյուրընկալության համար»,- ասել է Վուչիչը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում. վերջինս համապատասխան գրառում է արել իր տելեգրամյան ալիքում։
Մոսկվայի Կարմիր հրապարակում սերբական մամուլի հետ զրույցում Սերբիայի նախագահը նշել է, որ հպարտ է Ռուսաստանի մայրաքաղաքում լինելու համար, որտեղ «կանցկացվի ֆաշիզմի դեմ Հաղթանակի 80-ամյակին նվիրված բացառիկ և վեհաշուք միջոցառում»։
Վուչիչը հայտարարել է նաև, որ Մոսկվա կատարած իր այցի համար սպասում է ԵՄ ներկայացուցիչների քննադատությանը, բայց մտադիր է լուրջ արձագանք տալ և «ամեն ինչ ասել», եթե որևէ բողոք լինի։ Նա ընդգծել է, որ Բելգրադը չի տուժի Հաղթանակի զորահանդեսի համար Մոսկվա իր այցից և Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից, և որ ինքը պատրաստ է ընդունելու Եվրամիության ցանկացած «պատիժ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բալթյան երկրները Ռուսաստան մեկնող համաշխարհային առաջնորդների, մասնավորապես՝ Վուչիչի համար փակել են իրենց օդային տարածքը:





























