«Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ Հայաստանի 16-ամյա համագործակցության տարիները արդյունավետ աշխատանքի ու արձանագրված հաջողությունների ժամանակաշրջան են: Այդ բովանդակալից եւ շնորհակալ համագործակցությունը շոշափելի արդյունք է տվել»,- այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նոյեմբերի 17-ին ելույթ ունենալով Իտալիայում ընթացող Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին:

«Սա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր հիմնահարցերն արդեն լուծված են, եւ պետք է աշխատել նոր եռանդով: Հայտնի է, որ պարենի արտադրությունը ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, խիստ ռիսկային ոլորտ է: Արդի ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամն իր հերթին բացասական ազդեցություն թողեց սննդի պահանջարկի վրա, ինչն առավել ընդգծված զգացվեց զարգացող երկրներում»,- նշել է վարչապետն ու հավելել. «Իմ դիրքորոշումը սեղմ է եւ հստակ: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է պարենային ապահովության վերաբերյալ գագաթաժողովի հռչակագիրը: Այն համապատասխանում է մեր կառավարության տեսլականին, ու դրանում արտահայտված սկզբունքները մեզ համար ընդունելի են»:

Հայաստանի վարչապետը նաեւ բարձր է գնահատել Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Գյուղատնտեսական հարցերով եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանն ու Կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ կոնֆերանսը 2010 թվականի մայիսի 10-14 Երեւանում անցկացնելու մասին որոշումը:Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն դոկտոր Ժակ Դիուֆի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու կազմակերպության միջեւ համագործակցության հարցերը:

Կառավարության ղեկավարը հատուկ ընդգծել է հացահատիկի, եգիպտացորենի ու կարտոֆիլի սերմնաբուծության, ձկնաբուծության, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման եւ համարակալման համակարգի ստեղծման, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման ոլորտներում համագործակցության զարգացումը:

Այսօր կառավարության ղեկավարը հանդիպել է նաեւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի տնօրեն Կանայո Նվանզեի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Ջոզեթ Շիրանի հետ:

Այսօր ուշ երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան: