ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հինգշաբթի աշխատանքից ազատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի գրեթե 600 աշխատակցի: Ռադիոկայանն ավելի վաղ զրկվել էր կառավարական դրամաշնորհներից, գրում է ամերիկյան New York Times պարբերականը։
Մայիսի սկզբին Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել «Ամերիկայի ձայն»-ի աշխատակիցներին աշխատանքի վերադարձնելու վերաբերյալ դատավորի որոշումը։ Դրանից առաջ՝ մարտի կեսին, «Ամերիկայի ձայնի» տնօրեն Մայքլ Աբրամովիցը հայտարարել էր, որ ռադիոկայանի գրեթե ամբողջ անձնակազմը՝ ավելի քան 1300 մարդ, ուղարկվել է վարչական արձակուրդի, իսկ լրատվամիջոցն ինքը «լռում է»։
«Թրամփի վարչակազմը հինգշաբթի աշխատանքից ազատել է «Ամերիկայի ձայնի» մոտ 600 աշխատակցի… Կրճատումների մեջ էին մտնում պայմանագրային աշխատողները, հիմնականում լրագրողներ, բայց նաև որոշ վարչական աշխատողներ, որոնք կազմում են աշխատակազմի մեկ երրորդից ավելին»,-գրում է պարբերականը։
«Ամերիկայի ձայն»-ի գործադիր տնօրեն Մայքլ Աբրամովիցը աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակում կրճատումներն «անհասկանալի» է անվանել:
Ինչպես նշում է New York Times-ը, աշխատանքից ազատված լրագրողներից մի քանիսը ստիպված կլինեն լքել Միացյալ Նահանգները մինչև հունիսի վերջ, քանի որ նրանց ներգաղթային կարգավիճակը կապված էր լրատվական կազմակերպությունում իրենց աշխատանքի հետ։
Ըստ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) ավագ խորհրդական Քերի Լեյքի՝ լրատվամիջոցների աշխատակիցներն աշխատանքից ազատվել են նախագահական վարչակազմի օրինական լիազորությունների և «դաշնային բյուրոկրատիայի կրճատման» նախատեսված ծրագրի համաձայն։
Ապրիլի վերջին ԱՄՆ դաշնային դատավոր Ռոյս Լամբերտը կառավարությանը հրամայեց վերականգնել ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM), որը ներառում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, և վերականգնել գործակալության բոլոր աշխատակիցների աշխատանքը։ Որոշումն ընդունվել է «Ամերիկայի ձայնի» մի քանի աշխատակիցների կողմից USAGM-ը լուծարելու որոշմանն առնչվող հայցի քննարկման ընթացքում։





























