Ռուսական զորքերը միտումնավոր հրետակոծում են ուկրաինական հյուրանոցները, որտեղ հանգրվանել են տեղացի և օտարերկրյա լրագրողներ՝ փորձելով խափանել պատերազմի լուսաբանումը։ Դրա մասին ասված է «Լրագրողներ առանց սահմանների» («Reports Without Borders») կազմակերպության և ուկրաինական Truth Hounds իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։
Ըստ զեկույցի՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր ռուսական բանակը 31 հարված է հասցրել ուկրաինական 25 հյուրանոցների, որոնք հիմնականում առաջնագծին մոտ գտնվող շրջաններում են՝ Խարկովում, Դոնեցկում, Դնեպրում, Օդեսայում, Կիևում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ այդ հյուրանոցներից միայն մեկն էր օգտագործվում ռազմական նպատակներով, մինչդեռ մյուս բոլոր հյուրանոցներում հյուրընկալվում էին քաղաքացիական հյուրեր, նրանց թվում՝ լրագրողներ։
Այս հարձակումների ընթացքում վիրավորվել է յոթ լրագրող։ Կրամատորսկի հյուրանոցներից մեկի վրա կատարված հարվածի հետևանքով զոհվել է Reuters-ի անվտանգության հարցերով խորհրդական Ռայան Էվանսը։
Զեկուկցում նշվում է լրագրողների հանգրվանած հյուրանոցների վրա հարձակումների թվի աճ։ 2022 թվականին իրականացվել է ութ գնդակոծություն, 2023 թվականին՝ հինգ, 2024 թվականին՝ 14, 2025 թվականի առաջին երկու ամիսներին՝ չորս։ Ռուսական Искандер 9K720 հրթիռներով հասցվել է առնվազն 15 հարված, որոնք «հայտնի են իրենց բարձր ճշգրտությամբ. դրանց որոշ մոդելների հարաբերական սխալմունքը տատանվում ընդամենը 20 մետրի սահմաններում»։
Իրավապաշտպանները նշում են, որ ռուսական հրետակոծության պատճառով լրագրողները ստիպված են եղել փոխել իրենց աշխատանքային պայմանները։ Մասնավորապես, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» և «Truth Hounds» կազմակերպությունների անցկացրած հարցման՝ ուկրաինացի լրագրողների 64%-ը և արտասահմանյան թղթակիցների 43%-ը «խուսափում են առաջնագծի մոտ տեղակայված հյուրանոցներում մնալուց»։ Բացի դրանից, լրագրողները հաղորդել են գործուղումների թվի կրճատման, լոգիստիկ դժվարությունների և հոգեբանական տրավմաների մասին։




























