ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուրբաթ հայտարարել է, որ Իսրայելի ռազմական հարձակման սրման հետ մեկտեղ, Գազայի պաղեստինցիները, ըստ ամենայնի, վերապրում են «այդ դաժան հակամարտության ամենադաժան փուլը», գրում է Reuters գործակալությունը:

«Մոտ 80 օր Իսրայելն արգելափակել է կենսականորեն կարևոր միջազգային օգնության հոսքը։ Գազայի ամբողջ բնակչությունը կանգնած է սովի սպառնալիքի առջև», -հայտարարել է նա։

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Գազայի հատվածին մինչ այժմ թույլատրված ամբողջ օգնությունը «մի թեյի գդալ է, այն դեպքում, երբ օգնության հեղեղ է անհրաժեշտ»։

«Իսրայելի ռազմական հարձակումը սրվում է՝ հանգեցնելով սարսափելի զոհերի և ավերածությունների: Այսօր Գազայի 80 տոկոսը կամ հայտարարված է Իսրայելի ռազմական գոտի, կամ էլ տարածք, որտեղից մարդկանց հրամայված է լքել: Առանց հումանիտար օգնության արագ, հուսալի, անվտանգ և կայուն հասանելիության, ավելի շատ մարդիկ կմահանան, և ամբողջ բնակչության վրա երկարաժամկետ ազդեցությունը ծանր կլինի», - լրագրողներին հայտարարել է Գուտերեշը: