13-ամյա դպրոցական Մուստաֆա Դողանը ժամանակավորապես հեռացվել է ֆրանսիական Նանսի քաղաքի միջնակարգ դպրոցից, քանի որ ժխտել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը, հաղորդում է թուրքական Today’s Zaman-ը:

Պարբերականը նշում է, որ "Ֆրանսիան վճռական է տրամադրված, որ պարտադրի Թուրքիային՝ ճանաչել Ցեղասպանության փաստը: Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել է «այսպես կոչված» Հայոց ցեղասպանությունը 2001թ., ինչը հանգեցրեց Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարճատեւ սառեցման: 2006թ. Ֆրանսիայի խորհրդարանը օրինագիծ ընդունեց, համաձայն որի՝ յուրաքանչյուրը, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, կենթակվի քրեական պատասխանատվության:

Պատմության ուսուցիչը գրավոր քննության ժամանակ հարց է տվել 1915թ. Օսմանյան կայսրությունում կատարված դեպքերի եւ Հայոց ցեղասպանության մասին: Թուրք աշակերտն արդեն իսկ քննարկել էր այդ հարցը ուսուցչի հետ եւ գրել է. «Նույնիսկ եթե դա այդպես է, նրանք արժանի էին դրան»:

Ապա թերթը նշում է, թե "աշակերտի հայրը՝ Մեհմեդ Դողանը մեղադրել է դպրոցին ռասիզմի մեջ, եւ հայտարարել. «Ավելի լավ կլիներ, եթե նա չարտահայտվեր, քանի որ դա նրանց զայրացրել է»:

Հավելենք, որ թերթի ներկայացուցիչները կապ են հաստատել դպրոցի տնօրեն Ֆրանսիս Վինյոլի հետ, որը հայտարարել է, թե լիովին կողմ է Մուստաֆա Դողանի նկատմամբ ձեռնարկված պատժամիջոցներին: