Ռուսաստանն անցյալ տարվա արդյունքներով առևտրային հավելուրդի չափով աշխարհում զբաղեցրել է երրորդ տեղը, միևնույն ժամանակ առևտրից ամենամեծ զուտ եկամուտները շարունակում է ստանալ Չինաստանը, հետևում է ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների՝ РИА Новости-ի վերլուծությունից։
Գործակալությունն ուսումնասիրել է 91 խոշորագույն երկրների առևտրային տվյալները, որոնք արդեն հրապարակել են անցյալ տարվա ցուցանիշները։ Դրանցից միայն 33 պետություն է ստացել ընդհանուր 2,3 տրիլիոն դոլարի առևտրային հավելուրդ, միևնույն ժամանակ 58 տնտեսություն ունեցել է 2,8 տրիլիոն դոլարի պակասուրդ։
Անցյալ տարի առևտրից ամենաշատը վաստակել է Չինաստանը, որն ունեցել է 991 միլիարդ դոլարի առևտրային հավելուրդ։ Նրան, ինչպես և մեկ տարի առաջ, հաջորդում է Գերմանիան՝ 258 միլիարդ դոլարի զուտ առևտրային եկամուտներով։
Առաջատարների եռյակը եզրափակում է Ռուսաստանը, որն ունեցել է 151 միլիարդ դոլարի առևտրային հավելուրդ և արդյունքում բարձրացել է չորս հորիզոնականով։ Հնգյակում են նաև Իռլանդիան, որը 98 միլիարդ դոլարի հավելուրդով երրորդ տեղից իջել է հինգերորդը, և Նիդեռլանդները, որոնք ունեցել են 89 միլիարդ դոլարի հավելուրդ և բարձրացել են երեք հորիզոնականով։
Առևտրից ամենաշատը վաստակած տասը երկրների թվում են եղել նաև Շվեյցարիան (77 միլիարդ դոլար), Սաուդյան Արաբիան (73 միլիարդ), Նորվեգիան (69 միլիարդ), Բրազիլիան (59,5 միլիարդ) և Իտալիան (55 միլիարդ)։
Միևնույն ժամանակ, անցյալ տարի ամենամեծ առևտրային պակասուրդն ավանդաբար ունեցել է ԱՄՆ-ն. այն աճել է մինչև 1,3 տրիլիոն դոլար։ Ամենամոտ «մրցակիցը» Մեծ Բրիտանիան էր, միևնույն ժամանակ նրա առևտրային պակասուրդն ավելի քան չորս անգամ փոքր էր՝ 303 միլիարդ դոլար։ Անցյալ տարի երկրորդ տեղը զբաղեցրած Հնդկաստանն այս տարի մեկ հորիզոնականով իջել է՝ դառնալով երրորդը 263 միլիարդ դոլարով։ Հնգյակում, ինչպես և անցյալ տարի, ընդգրկված են նաև Ֆրանսիան (111 միլիարդ) և Թուրքիան (82 միլիարդ)։