Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմագերիների փոխանակման մասով ամբողջությամբ կատարվել են։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, հաղորդում է ТАСС-ը։
«Երեք օրվա ընթացքում՝ մայիսի 23-ին, 24-ին և 25-ին, վերադարձվել են 880 ռուսաստանցի զինծառայող և 120 խաղաղ բնակիչ։ Մայիսի 16-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները փոխանակման մասով ամբողջությամբ կատարվել են»,- ասել է նա։
Ըստ Ֆոմինի, ՌԴ պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունների մասնագետներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում ուկրաինական գերությունից վերադարձած ռուսաստանցի զինծառայողներին։
«Նրանց ցուցաբերվում է ամբողջ անհրաժեշտ օգնությունը։ Առաջացող հարցերի լուծման, ինչպես նաև միջոցառման համակողմանի ապահովման համար ներգրավված են Ռուսաստանի պաշտպանության նախարարության բոլոր համապատասխան ծառայությունների մասնագետները։ Ներկայումս ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում և պատրաստվում են մեկնել Ռուսաստան»,- ասել է Ֆոմինը։