Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվա կատարած այցի առաջին օրվա ընթացքում ակնկալում է հանդիպումներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու եւ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։
«Այսօր՝ մայիսի 26-ին, Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախատեսում է ընդունելության արժանանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եւ հանդիպումներ ունենալ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու եւ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ: Վաղը (մայիսի 27-ին) նախատեսվում է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- նշել է աղբյուրը։
Նշվել է նաեւ, որ երկուշաբթի Ֆիդանը մտադիր է «հանդիպել Ձեռներեցների ռուս-թուրքական միության անդամների հետ»։





























