Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը հունվարի 9-ին Լոռիի մարզպետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ դժգոհել է վարչությունների աշխատանքից, հիշեցնելով,  որ մարզպետարանի  աշխատանքը չպետք է ձևական բնույթ կրի: Մասնավորապես մարզպետ Արթուր Նալբանդյանը օրինակ է բերել վարչական և ֆինանսական ստուգումները, որոնք ըստ նրա «լրիվ ձևական բնույթ են կրում»:

«Ֆիննախից գալիս են, լրիվ դողում են, վերահսկիչից գալիս են, լրիվ դողում են, մարզպետարանը գնում է` քեֆ-ուրախություն, ուրիշ ոչ մի բան»,- դժգոհել է մարզպետը:

Արթուր Նալբանդյանի բնորոշմամբ` լուրջ անելիքներ կան կրթության ոլորտում: «Դպրոցներում ձևավորված խորհուրդները լրիվ ձևական են ու անձնավորված: Տնօրենի ընտրությունը վերցնենք, մանկավարժների ընտրությունը վերցնենք, լրիվ անձնավորված է»,- ասել է մարզպետն ու հավելել, որ շատ դեպքերում տնօրենները ինչ-ինչ ճանապարհներով են մրցույթ իրականացնում: