Միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունը հունվարի վերջին կարող է նվազեցնել եվրագոտու մի շարք երկրների, ներառյալ Իտալիայի վարկանիշը: Ընդ որում, մի շարք երկրների վարկանիշը կարող է նվազել միանգամից երկու կետով: Այդ մասին հայտարարել է Fitch ինքնավար վարկանիշների խմբի տնօրեն Դավիդ Ռայլին:
Բացարձակ հաշվարկով պետական պարտամուրհակների թվով առաջատարները կդառնան Ֆրանսիան (359 միլիարդ եվրո) եւ Իտալիան (357 միլիարդ): Fitch-ի ուշադրությունը հունվարին սեւեռված է լինելու Իտալիայի իրավիճակին, քանի որ Ֆրանսիայի վարկանիշը չեն իջեցնելու:
Ինչ վերաբերում է Իտալիային, Ռայլիի խոսքով, երկիրը գտնվում է պարտքային ճգնաժամի «առաջին գծում»: «Եվրոյի ապագան որոշվելու է Հռոմում»,- ասել է Ռայլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Fitch-ի անհանգստությունն է հարուցում նաեւ վիճակը Հունաստանում, որի կառավարությունը դեռ շոշափելի հաջողությունների չի հասել մասնավոր ներդրողների հետ բանակցություններում:
Նշենք, որ 2011թ. դեկտեմբերին հայտնի էր դարձել, թե Fitch-ը մտադիր է իջեցնել միանգամից մի քանի երկրների` Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի, Իտալիայի, Սլովենիայի, Կիպրոսի եւ Իռլանդիայի վարկանիշը:



























