Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Էլոն Մասկը X սոցիալական ցանցում խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «միասնական, մեծ, գեղեցիկ» օրինագիծը, որը նախատեսում է կրճատել դաշնային ծախսերը։

Նա այս օրինագիծը անվանել է «զզվելի բան»։

Գործարարը նաև ամոթանք է տվել ԱՄՆ Կոնգրեսի այն անդամներին, որոնք աջակցել են այս փաստաթղթին։

«Ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին. դուք գիտեք, որ սխալ եք գործել։ Դուք գիտեք դա», - գրել է միլիարդատերը։

Նա նաև ասել է, որ այս օրինագծի համաձայն՝ երկրի բյուջեի դեֆիցիտը կաճի մինչև 2.5 տրիլիոն դոլար, իսկ ամերիկացի քաղաքացիները կբախվեն «անտանելի պարտքի»։

Այս փաստաթուղթը, ինչպես Թրամփն ինքն է ասել իր ելույթներից մեկում, ներառում է հիմնական տեքստի ավելի քան հազար էջ և տասնյակ էջեր՝ փոփոխություններ։ Առաջարկությունները ներառում են 2017 թվականի հարկային արտոնությունների երկարաձգում, թեյավճարների և արտաժամյա աշխատանքի հարկերի վերացում, պարտքի առաստաղի բարձրացում մինչև 4 տրիլիոն դոլար, ինչպես նաև ավտովարկերի և սպառողական այլ տեսակի վարկերի նոր հարկային արտոնություններ։

Մայիսի վերջին հայտարարվեց, որ Մասկը հեռանում է Թրամփի վարչակազմից և Կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) ղեկավարի պաշտոնից։ Որոշումը կայացվեց Սպիտակ տանը բյուջետային քաղաքականության հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունների ֆոնին։

Մասկը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահին «անօգուտ ծախսերը կրճատելու հնարավորության» համար և վստահություն հայտնեց, որ DOGE-ը կշարունակի գործել։ Tesla-ի հիմնադիրն այժմ մտադիր է կենտրոնանալ բիզնեսի կառավարման վրա, որը վնասներ է կրել իր կառավարությունում աշխատելու ընթացքում։