Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթին, որը նախկինում հաստատվել էր Եվրամիության կողմից: Այս մասին ասվում է Շվեյցարիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ: Հայտարարության համաձայն՝ նոր սահմանափակող միջոցառումները վերաբերել են 17 ֆիզիկական և 58 իրավաբանական անձանց: Նրանց ակտիվները Շվեյցարիայում կսառեցվեն, և նրանց կարգելվի նաև մուտք գործել երկիր և տարանցիկ տեղաշարժվել: Նախարարների կաբինետը ընդգծել է, որ ցուցակում ներառված են Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հետ կապված անձինք և կազմակերպություններ:
Բացի այդ, պատժամիջոցները տարածվել են երրորդ երկրներին պատկանող 189 նավերի վրա: Այս նավերի զգալի մասը Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» մաս է կազմում, որն օգտագործվում է միջազգային սահմանափակումները շրջանցելու և նավթ տեղափոխելու համար: Հաղորդվում է նաև, որ արտահանման վերահսկողությունը խստացվել է 31 ընկերության համար, այդ թվում՝ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների կազմակերպությունների:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փուլը Եվրամիությունը հաստատել է մայիսի 20-ին: Ինչպես նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, այն հիմնականում ուղղված է Ռուսաստանի «ստվերային նավատորմին»: Այս փաթեթի ընդունմամբ ԵՄ սահմանափակումների ենթակա անհատների և կազմակերպությունների ընդհանուր թիվը գերազանցել է 2400-ը: Որոշ անդամ պետություններ արդեն առաջարկել են սկսել միջոցառումների հաջորդ՝ 18-րդ փաթեթի ձևավորումը։





























