2024 թվականի նոյեմբերին ՀՀ բոլոր ժամանակների գրանցված և աշխատանքով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել՝ գրանցվել է 782, 832 աշխատատեղ: Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242,119 աշխատատեղ՝ ընդ որում աշխատավարձով ապահովված: Շատ հաճախ լինում է հոռետեսություն վիճակագրությունների հետ կապված, բայց այս վիճակագրությունն ավելի քան վստահելի է:

2018 թվականի ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարձը եղել է 173, 996 դրամ, 2025 թվականի ապրլին՝ 304, 992 դրամ: Միջին աշխատավարձի աճը կազմել է  130 հազար դրամ կամ 70 տոկոս»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում կուտակային գնաճը կազմել է 25 տոկոս: «Սա թերևս մեզ կարող է օգնել պատասխանել հարցին՝ մարդիկ այսօր ավելի լա՞վ են ապրում, թե 2018-ին էին ապրում: Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով: Այսինքն իրենց ապրածի կեսի չափով ավելի լավ են ապրում, ինչը սակայն չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ մարդիկ ուզում են ավելի լավ ապրել, որովհետև տեսնում են, որ այսօրվա Հայաստանում ավելի լավ ապրելը  հնարավոր է։«Սա շատ կարևոր հանգամանք է, բայց համարում ենք, որ այնքան չի լավացել, որ մենք գոհ լինենք այդ լավացման աստիճանից, հետևաբար, մեր խնդիրը գոհունակություն ապահովելն է, որը շատ մասշտաբային խնդիր է»,- ասաց նա։