Թրամփի վարչակազմը ստիպված կլինի զգալի զիջումների գնալ, որպեսզի Չինաստանը համաձայվի վերսկսել հազվագյուտ մետաղների արտահանումը Միացյալ Նահանգներ, որը կասեցվել էր ապրիլին՝ ի պատասխան ամերիկյան մաքսատուրքերի, գրել է The New York Times թերթը։
Հունիսի 9-ին երկու երկրների պատվիրակությունները Լոնդոնում կսկսեն առեւտրային բանակցությունների երկրորդ փուլը։ Չինական կողմը ներկայացնում է փոխվարչապետ Հե Լիֆենը։ Ամերիկյան պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առեւտրի նախարար Հովարդ Լատնիկը եւ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։
Ինչպես նշել է պարբերականը, քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի Չինաստանի կողմից ապրիլի 14-ին մտցված հազվագյուտ հողային մետաղների եւ մագնիսների արտահանման սահմանափակումները: Ներկայում Չինաստանը վերահսկում է նման մետաղների որոշ տեսակների մատակարարման մոտ 99 տոկոսը, որոնք կարեւոր դեր են խաղում ավտոմոբիլային, կիսահաղորդչային եւ ավիատիեզերական արդյունաբերություններում: Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քեւին Հասեթի խոսքով՝ Չինաստանի հետ բանակցությունների նպատակն է մատակարարման ծավալները վերադարձնել սահմանափակումներից առաջ եղած մակարդակին։
Թերթի տվյալներով՝ Պեկինը պահանջում է մեղմացնել ամերիկյան արտահանման սահմանափակումները եւ վերացնել Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մի շարք մաքսատուրքեր։ «Նյու Յորք Թայմս»-ը նախկինում նշել էր, որ Պեկինի սահմանափակումները կարող են լրջորեն ազդել մի շարք ամերիկյան ընկերությունների, այդ թվում՝ ռազմական կապալառուների գործունեության վրա։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտնել է 185 երկրներից եւ տարածքներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման մասին։ Ռուսաստանը չի ներառվել այս ցանկում։ 10 տոկոս համընդհանուր մաքսատուրքերը ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, անհատականները՝ ապրիլի 9-ին։ Նույն օրը ԱՄՆ նախագահը հայտարարել է որոշ պատասխան մաքսատուրքերի 90-օրյա կասեցման մասին, ինչը, ինչպես բացատրել է Սպիտակ տունը, պայմանավորված է առեւտրային խորհրդակցություններով։ Այս ժամանակահատվածում գործում է 10 տոկոս համընդհանուր մաքսատուրք։
Միաժամանակ, Թրամփը բարձրացրել է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչեւ 125 տոկոս: Հաշվի առնելով նախկինում սահմանված 20 տոկոս մաքսատուրքը՝ Կանադայի, Չինաստանի եւ Մեքսիկայի իշխանությունների կողմից ԱՄՆ ֆենտանիլի մաքսանենգության դեմ պայքարի համար ձեռնարկված ենթադրաբար անբավարար ջանքերի համար, Չինաստանից ապրանքների ընդհանուր մաքսատուրքը կազմել է 145 տոկոս: ԱՄՆ-Չինաստան առեւտրային խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 10-11-ին Շվեյցարիայում։ Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել մայիսի 14-ից փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը։ Հունիսի 5-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել եւ պայմանավորվել են հնարավորինս շուտ անցկացնել առեւտրատնտեսական բանակցությունների նոր փուլը։




























