«Wall Street Journal»-ի նոր հետաքննությունը պնդում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը միտումնավոր տարածել է ՉԹՕ-ների մասին կեղծ տեղեկություններ՝ գաղտնի ռազմական զարգացումներից ուշադրությունը շեղելու համար: Սա տասնամյակներ շարունակ միտումնավոր ապատեղեկատվության արշավ է եղել, որը սկիզբ է առել առնվազն 1950-ական թթ.:
Օրինակներից մեկն է 1980-ական թթ. պատմությունը, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետը Նեւադայի անապատում, հայտնի «51-րդ գոտի» բազայի մոտ, բարմենին կեղծված «թռչող ափսեների» լուսանկարներ է տվել, հաղորդել է Bild-ը։ Դրանք արագ տարածվել են, ինչպես նաեւ լուրերն այն մասին, որ բանակը փորձարկում է այլմոլորակայիններից գողացված տեխնոլոգիաներ։ Իրականում, ըստ հետաքննության, սա փորձ էր թաքցնել սթելս ինքնաթիռների փորձարկումները։
Պենտագոնի AARO հետաքննչական ստորաբաժանման նախկին ղեկավար Շոն Քիրկպատրիկի խոսքով՝ ՉԹՕ-ների մասին պատմությունները երբեմն օգտագործվել են որպես լոյալության թեստ:
Որոշ զինվորականների ցույց են տվել «գաղտնի լուսանկարներ» եւ զգուշացրել են մահապատժի մասին՝ տեղեկատվության արտահոսքի դեպքում։ Հետագայում պարզվել է, որ այդ ամենը պարզապես վստահության թեստ էր։





























