Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր` հունվարի 11-ին, տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ այս տարվա առաջին խորհրդակցությունը: NEWS.am-ին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի պահպանվեն սահմանված ընթացակարգերն ու ժամկետները:
Քննարկվել են նոր ֆինանսական տարում դպրոցներում աշխատավարձի ֆոնդի հետ կապված խնդիրներ` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N 1088-Ն որոշմամբ սահմանված ժամաքանակները եւ դրանց հիման վրա հաշվարկված գործակիցները: Հանձնարարվել է Տարածքային կառավարման, Կրթության եւ գիտության, Ֆինանսների նախարարություններին մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջացած խնդիրները եւ դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Քննարկվել են նաեւ «Վարչական հսկողության իրականացման եւ կադրային գործի վարման ընդհանուր դրույթներ» մեթոդական ուղեցույցի նախագծի վերաբերյալ մարզպետարաններից ստացված առաջարկությունները: Որոշվել է երկշաբաթյա ժամկետում ամփոփել աշխատանքները: Մարզպետներին հանձնարարվել է մինչեւ հունվարի 16-ն ամփոփել տեղական բյուջեների կատարման աշխատանքները եւ արդյունքները ներկայացնել Տարածքային կառավարման նախարարություն, որոնք կքննարկվեն ՏԿՆ կոլեգիայի առաջիկա նիստում:




























