Հյուսիսային Իռլանդիայում արդեն երրորդ օրն անընդմեջ տեղի են ունենում հականերգաղթային անկարգություններ, որոնք վերածվել են բողոքի ցույցերի, հաղորդել է The Times-ը։

Չորեքշաբթի երեկոյան Բալիմինայում ցուցարարները կրկին Մոլոտովի կոկտեյլներ, ճայթռուկներ եւ քարեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։ Ոստիկանությունը պատասխանել է ջրցան մեքենաներով եւ պլաստիկե փամփուշտներով՝ ցուցարարներին ցրելու համար: Այս անգամ անկարգությունները տեղափոխվել են մոտակա Լարն քաղաք, որտեղ ցուցարարները հրդեհել են հանգստի կենտրոնը, որը ապաստան էր տալիս Բալիմինայից տեղահանված մարդկանց՝ նրանց տների ավերման պատճառով:

Բալիմինայում միգրանտների դեմ բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 9-ի երեկոյան՝ անչափահաս աղջկա բռնաբարությունից հետո: Ցույցերի առաջին օրը վիրավորվել է  իրավապահ մարմինների 15աշխատակից, մեկ անձ ձերբակալվել է: Անկարգությունների երկրորդ օրը վիրավորվել է 17 ոստիկան: Նրանցից մի քանիսը հոսպիտալացման կարիք են ունեցել: Ձերբակալվել է վեց ցուցարար:

Աղջկա ենթադրյալ բռնաբարությունը տեղի է ունեցել Բալիմինայում հունիսի 7-ի երեկոյան: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել են 14-ամյա երկու դեռահասներ: Հունիսի 9-ին նրանք տեսակապի միջոցով ներկայացել են քաղաքային դատարան, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել բռնաբարության փորձի համար, ինչը երկու տղամարդիկ հերքել են: Ինչպես նշել է Բի-բի-սի հեռարձակող կորպորացիան, կասկածյալները պատասխանել են դատավորի հարցերին ռումինացի թարգմանչի օգնությամբ։