ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորին ցավակցությունն է հայտնել Ահմադաբադում Air India ավիաընկերության AI171 չվերթի ինքնաթիռի կործանման կապակցությամբ և Հնդկաստանին Միացյալ Նահագների լիակատար աջակցությունը խոստացել։

«Ինքնաթիռի վթարը սարսափելի էր, -հայտարարել է Դոնալդ Թրամփը ճեպազրույցի ժամանակ։ -Ես արդեն ասել եմ նրանց՝ մեր ուժերի ներածին չափով  ամեն ինչ կանենք… մենք անմիջապես կգանք»։

242 ուղևոր տեղափոխող Boeing 787 Dreamliner-ը վթարի է ենթարկվել Ահմադաբադի Սարդար Վալլաբհայ Պատել միջազգային օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 200 ուղևոր և անձնակազմի անդամ, որոնց թվում՝ օտարերկրացիներ։

Մահացածների թվում էին 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի և Հնդկաստանի 169 քաղաքացիներ։

Աշխարհի առաջնորդները ցավակցություն են հայտնել Ահմադաբադում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «խոր հուզմունքով» է տեղեկացել ողբերգության մասին և ցավակցություն է հայտնել վարչապետ Նարենդրա Մոդիին և զոհերի ընտանիքներին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի տարածած պաշտոնական ուղերձում խորին ցավակցություն է հայտնել ինքնաթիռի կործանման ողբերգական հետևանքների կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, որի երկիրը միջադեպի հետևանքով կորցրել է 53 քաղաքացու, վթարը «կործանարար» է որակել։