Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 14-ին աշխատանքային ուղեւորություն է կատարել Գրոդնոյի մարզ։ Վոլկովիսկում նա այցելել է «Բելլակտ» ԲԲԸ, տեղեկացրել է Բելտա-ն։
Ձեռնարկություն հասնելուն պես Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին հերթին հետաքրքրվել է դաշտերում տիրող իրավիճակով՝ ինչ է ցանվել, ինչպես է իրականացվում ցանքը։ Գրոդնոյի մարզային գործադիր կոմիտեի նախագահ Յուրի Կարաեւը զեկուցել է, որ ցանել են ամեն ինչ, տեղ-տեղ էլ վերացանել են։
«Ես քեզ կասեմ. մտածում էի, որ Վոլկովիսկում շատ ավելի լավ է...»,- դժգոհություն է հայտնել Լուկաշենկոն՝ խոսելով այն մասին, ինչ տեսել է ուղղաթիռից։
Բելառուսի նախագահին տեղեկացրել են նաեւ Վոլկովիսկի շրջանի իրավիճակի մասին։ Տարածաշրջանում, մասնավորապես, նկատվում է տավարի եւ խոզի մսի արտադրության նվազում։ Պատճառները հայտնի են։ Օրինակ, ինչ վերաբերում է տավարի մսին, ապա անասունների գլխաքանակը համալրված չէ։ Մինչդեռ անասունների անկումը այստեղ էապես նվազել է։
«Եթե քեզ մոտ Մոգիլյովում անասունը սատկում է, հանձնիր այն։ Լավ, մի հանձնիր, վաճառիր,- դիմել է Ալեքսանդր Լուկաշենկոն փոխվարչապետ Յուրի Շուլեյկոյին։- Աստված մի արասցե, ես ձեզ նկատողություն անեմ, որ ձեզ մոտ ինչ-որ տեղ անկում կա, իսկ նրա մոտ ազատ տեղ կա կերակրման համար։ Գլուխներդ հաստատ կթռցնեմ։ Պատասխան կտաք անասունի համար։ Վերցրեք ու տարեք լավ տնտեսություն, թող կերակրեն։ Այնտեղ, հաստատ, առհասարակ անկում չի լինի»։





























