Իրանի վերջին շահ Մոհամադ Ռեզա Փեհլեւիի որդին՝ ԱՄՆ-ում բնակվող Ռեզա Քիր Փեհլեւին, կոչ է արել երկրի քաղաքացիներին տապալել 1979թ. իսլամական հեղափոխության ժամանակ Իրանում իշխանությունը զավթած այաթոլաների ռեժիմը։ Նա այս մասին գրել է իր Telegram-ալիքում։
Որպես ընդդիմության հիմնական դեմք ներկայանալով՝ Փեհլեւին դիմել է Իրանի զինվորականներին, իրավապահ մարմիններին եւ անվտանգության ուժերին՝ խնդրելով նրանց «բաժանել իրենց ուղին» գործող ռեժիմից եւ «միանալ ժողովրդին»։ «Այս ռեժիմը եւ նրա կոռումպացված ու անգործունակ առաջնորդները չեն գնահատում ո՛չ ձեր կյանքը, ո՛չ էլ մեր Իրանը։ Լուծումը իսլամական հանրապետությունը տապալելն է՝ փողոցային բողոքի ցույցերի եւ համազգային գործադուլների միջոցով»,- ասել է Փեհլեւին։
Նա Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիին անվանել է «հակաիրանական ռեժիմի ոչ խելամիտ առաջնորդ», որն ազգը ներքաշել է նոր պատերազմի մեջ: X-ում մեկ այլ գրառման մեջ Փեհլեւին գրել է, որ իսլամական հանրապետությունը «թալանել է իրանական ազգի հարստությունը» եւ «հարյուր միլիարդավոր դոլարներ» է ծախսել «արկածախնդիր» միջուկային ծրագրերի վրա:
64-ամյա Փեհլեւին Իրանի Ազգային խորհրդի հիմնադիրն ու առաջնորդն է, որը Թեհրանի կողմից արգելված է։ Նա ապրում է Լոս Անջելեսում։ Նախկինում Փեհլեւիների տան ղեկավարը, որը 1967թ. դարձավ Իրանի թագաժառանգ (շահզադե) եւ, ինչպես սպասվում էր, կհաջորդի հորը, բազմիցս կոչ է արել տապալել այաթոլաներին՝ փորձելով միավորել Իրանի ընդդիմությունը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նմանատիպ կոչ է արել հունիսի 13-ի երեկոյան։ «Իրանի հպարտ ժողովրդին» ուղղված տեսաուղերձում նա հայտնել է, որ իսլամական ռեժիմը, որը «ձեզ ճնշում է գրեթե 50 տարի», մեծապես թուլացել է իսրայելական բանակի գործողության պատճառով։ «Ռեժիմը չգիտի, թե ինչի է բախվել, եւ էլ ինչի է բախվելու։ Նա երբեք այդքան թույլ չի եղել։ Սա ոտքի կանգնելու եւ ձեր մասին հայտարարելու ձեր շանսն է»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն ընդգծել է, որ ռազմական գործողությունների հրամանը տվել է իրանցի այաթոլաների ռեժիմի սպառնալիքի հետ կապված, որոնք միջուկային զենք են մշակում եւ բալիստիկ հրթիռներ են օգտագործում Իսրայելի դեմ՝ վտանգ ներկայացնելով հրեական պետության գոյության համար։
Վարչապետի խոսքով՝ Իսրայելը չի պայքարում Իրանի ժողովրդի դեմ, այլ «արյունարբու իսլամական ռեժիմի, որը ճնշում է ձեզ եւ աղքատացնում ձեզ։ Ժամանակն է, որ իրանական ժողովուրդը միավորվի իր դրոշի եւ պատմական ժառանգության շուրջ՝ պաշտպանելով իր ազատությունը չար եւ ճնշող ռեժիմից»,- նշել է նա։
Փեհլեվի շահնշահների ռեժիմի օրոք Իրանն Իսրայելի դաշնակիցն էր։





























