Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև հեռախոսազրույցի ընթացքում Մերձավոր Արևելքում իրավիճակի վտանգավոր սրումը, բնականաբար, կարծիքների փոխանակման կիզակետում էր, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է Интерфакс-ը։

«Վլադիմիր Պուտինը, դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը, լուրջ մտահոգություն հայտնեց հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքում տիրող ամբողջ իրավիճակի համար», - ասել է Ուշակովը։

Թրամփը նույնպես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը գնահատել է որպես շատ մտահոգիչ, բայց ընդունել է Իսրայելի կողմից Իրանում գտնվող թիրախների վրա հարվածների արդյունավետությունը։

«Բնութագրական է, որ ռուս և ամերիկացի նախագահները, չնայած բարդ իրավիճակին, չեն բացառում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային ուղուն վերադառնալը», - լրագրողներին ասել է նախագահի օգնականը։

Պուտինը նաև շնորհավորել է Դոնալդ Թրամփին, որն այսօր դարձավ 79 տարեկան:

«Երկու առաջնորդներն էլ գոհունակություն են հայտնել ձևավորված անձնական հարաբերություններից, որոնք թույլ են տալիս նրանց շփվել գործնական ձևով, լուծումներ փնտրել երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերի համար, անկախ նրանից, թե որքան բարդ կարող են լինել այդ հարցերը», - ասել է Ուշակովը։ «Ի դեպ, Վլադիմիր Պուտինը նշել է, որ այսօր Միացյալ Նահանգները նշում է Ամերիկյան դրոշի օրը և ցամաքային զորքերի 250-ամյակը։ Ինչպես նախորդ զրույցի ժամանակ, երկու նախագահներն էլ նշել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զինակցական եղբայրությունը»։